Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Քաղաքակրթական արժեքնե՞ր, թե՞ քաղաքական շահեր

Քաղաքակրթական արժեքնե՞ր,  թե՞ քաղաքական շահեր
19.05.2017 | 01:04

Մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կազմակերպվել էր «Եվրասիական ինտեգրումը Ռուսաստանի և Հայաստանի համար աշխարհաքաղաքական համատեքստում՝ մարտահրավերներ և հեռանկարներ» գիտաժողովը: Կազմակերպիչներն էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության միջազգային հիմնադրամը: Գիտաժողովին մասնակցում էին համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներ, դասախոսներ, հյուրեր Մոսկվայից:
Նախքան գիտաժողովը սկսվելը՝ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, եվրասիական ինտեգրման դասագրքի համահեղինակ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻՆ, որ հաճախ է լինում Երևանում, հարցրի.

-Ո՞րն է Ձեր այս այցելության նպատակը:
-Այսօր մենք Երևանի պետական համալսարանի ուսանողներին ներկայացնելու ենք եվրասիական դասագիրքը, որը պատրաստել են Ռուսաստանի ու Հայաստանի հեղինակները: Շատ ուրախ ենք ուսանողական լսարանի հետ շփվելու հնարավորության համար, ամեն օր բազմաթիվ իրադարձություններ են լինում և պետք է ոչ միայն այդ իրադարձություններին տեղյակ լինել, այլև հասկանալ, իսկ հասկանալու համար կարևոր է ոչ միայն մամուլը կարդալ, այլև վերլուծական նյութերը, գիտական գրականությունը: Մեր ստեղծագործական խումբը հանձն է առել համարձակ գործ՝ ստեղծել հատուկ դասագիրք եվրասիական ինտեգրման մասին՝ այն գործընթացների, որ պատասխանն են գլոբալացման:
-Դա քաղաքականության շարունակությո՞ւն է, թե՞ ուսումնական ծրագրի մաս:
-Երկուսն էլ: Ռուսաստանի ու Հայաստանի համար շատ կարևոր է միավորվել եվրասիական տարածքում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ձևաչափերով: Շատ կարևոր է իմանալ՝ ի՞նչ օրենքներով է ինտեգրումը կատարվում: Մեր խնդիրն է բացատրել՝ ինչ են եվրասիական ինտեգրումը, եվրասիականության տեսությունը և պրակտիկան: Ինտեգրումը միավորում է ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև քաղաքականության մեջ, մշակույթում, այս տեսքով ենք մենք ներկայացնում մեր համագործակցության փորձը:
-Ինչո՞ւ եք սկսել Հայաստանից:
-Հայաստանում ամենաորակյալ գիտական բազան կա, այս դասագիրքն արդեն գործում է՝ ուսուցանվելով Երևանի պետական համալսարանում հատուկ դասընթացով: Նախագծի շրջանակներն ընդլայնելու պահանջարկ կա: Հույս ունեմ, որ մեր փորձը հետաքրքիր ու ուսանելի կլինի ոչ միայն Հայաստանի համար, և այս դասագիրքը հետագայում կարող ենք ներկայացնել եվրասիական ինտեգրման մասնակից մյուս երկրներին՝ որոշակի տեղայնացումից հետո:
-Եվ ի՞նչ է տալիս մեզ եվրասիական ինտեգրման մոդելը:
-Ազգային ինքնիշխանության պահպանման հնարավորություն, բացի այդ՝ քաղաքական ու տնտեսական համագործակցություն: Եվրասիական ինտեգրման մոդելը օգնում է պահպանել մշակութային ինքնատիպությունը, լեզուն, հավատը, սովորույթները՝ ինքնությունը:

Բացելով գիտաժողովը՝ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ նախ շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանին՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Նա նշեց, որ եվրասիական ինտեգրման դասագիրքը արդեն իր փորձաշրջանն անցել է Երևանի պետական համալսարանում. հենց այդ դասագրքով են անցած ու ներկա կիսամյակներում մագիստրանտները ուսումնասիրել առարկան: Արամ Սաֆարյանը վստահ է, որ ապագա միջազգայնագետների համար եվրասիական տարածքի և եվրասիականության պատմության, ԵԱՏՄ-ի նպատակների ու խնդիրների ուսումնասիրումը կարևոր փորձ է, գիտելիք, աշխարհընկալման ընդլայնում, որ նրանց պետք է լինելու իրենց գործունեության մեջ:
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի եվրասիական ինտեգրման հիմնախնդիրներով գիտական խորհրդի անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ ներկայացրեց ԵԱՏՄ ձևավորումը որպես հետխորհրդային երկրների միավորում՝ ընդհանուր քաղաքակրթական հենքի վրա:
Անդրադառնալով գլոբալացման հիմնական մոդելին՝ ամերիկյանին, Վլադիմիր Լեպեխինը հարց բարձրացրեց, թե ինչու պիտի երկրները վստահեն բոլոր առումներով Վաշինգտոնին՝ մշակութային, ֆինանսական, տնտեսական, տեղեկատվական և այլ: Նրա գնահատականով՝ հենց այդ հարթության մեջ հիմա տեղի է ունենում ամերիկյան մոդելի ձևափոխում, և բացառված չէ, որ մի քանի տարի հետո քննարկվի չինական գլոբալացման մոդելը: Գործնականում բազմաբևեռ աշխարհ է ձևավորվում, և եվրասիական տարածքը պետք է դառնա բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը: Եվրասիական ինտեգրումը անդամ երկրների ղեկավարների ցանկությունը չէ, այլ ազգային ինքնիշխանության պահպանման ու ամրապնդման օբյեկտիվ գործընթաց է: Ազգային ինքնիշխանությունը ժամանակակից պայմաններում դառնում է գլխավոր արժեքը: Անկախացումից քառորդ դար անց պարզվում է, որ ինքնիշխանությունը ոչ միայն գոյության նոր ու քաղաքական ձևաչափ է, այլև կախվածության թոթափում: Փորձը ցույց է տալիս, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախացած հանրապետությունները այլ կախման մեջ են հայտնվում: Պարոն Լեպեխինը նշեց մերձբալթյան երկրների օրինակը, որ հայտնվել են ուժային այլ կենտրոնից կախման մեջ: Նրա գնահատականով՝ ազգային ինքնիշխանության ապահովման խնդիրն է՝ կախումից ազատվելով՝ չկորցնել ունեցած ռեսուրսները, որ պահում են տնտեսությունը, չկորցնել մշակութային արժեքները և ավանդույթները: Լեպեխինը համոզված է, որ որոշ երկրներում հենց դա է տեղի ունենում: Եվրասիական ինտեգրումը գլոբալացումից տարբեր սկզբունքներ ունի և կառուցվում է իրավահավասար հարաբերությունների հիմքով: Բոլորովին այլ է որոշումների ընդունման մեխանիզմը՝ գործում է կոնսենսուսի սկզբունքը:
Անկախ ֆինանսական և տնտեսական փորձագետ ԻՎԱՆ ԱՆԻՍԻՄՈՎԻ զեկույցը նվիրված էր ֆինանսական և արժութային համակարգերի միավորմանը միջազգային պրակտիկայում: Նրա կարծիքով՝ բուհում եվրասիական ինտեգրման ուսումնասիրումը առաջին փորձն է` գիտականորեն վերաբերվել ինտեգրման գործընթացներին, համակողմանիորեն դիտարկել, այդօրինակ ուսումնասիրումը հնարավորություն է տալիս ճշտել բոլոր գործիքները, ճիշտ կիրառել ու խուսափել սխալներից: Նա կարևորեց միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ հասկանալու համար ինչ օրենքներ են գործընթացն առաջ մղում: Իվան Անիսիմովն ասաց, որ իրեն ամենից հաճախ հարցնում են, թե որքա՞ն խոր կարող է լինել ինտեգրումը եվրասիական տարածքում, և ե՞րբ կհայտնվի միասնական տարադրամը: Հարցին պատասխանելիս, սակայն, մարդիկ գերադասում են խոր փիլիսոփայության մեջ ընկղմվել ու տարատեսակ տեսություններ մեջբերել: Իրականում պատասխանը ակնհայտ է և գտնվում է ինտեգրման գործընթացների պատմության մեջ: Նա ընդարձակ պատմական ակնարկ ներկայացրեց՝ ինչպե՞ս են տեղի ունեցել ու ինչո՞ւ են ձախողվել պատմական ինտեգրման գործընթացները՝ սկսելով գերմանական տարադրամային միությունից, որ միավորել էր Պրուսիան, Ավստրո-Հունգարիան, Գերմանիան, Լատինական միությունից, որ ժամանակակից միությունների հետ ընդհանրություններ ունի: Առավել հաջողված ու տևական փորձ Իվան Անիսիմովը համարեց եվրոյի գործառնության պատմությունը, բայց զգուշացրեց, որ ինտեգրման գործընթացի մեջ մտնելուց հետո արդեն հնարավոր չի լինում դուրս գալը: Իսկ միասնական տարադրամը, նրա գնահատականով, կլինի ճիշտ այն ժամանակ, երբ դառնա անհրաժեշտություն: Այս պահին միասնական տարադրամի կարիք չկա, և տնտեսական իրավիճակը չի պահանջում միասնական տարադրամի անցնել, հիմա քվազիտարադրամի ստեղծման փորձը եվրասիական տարածքում կարող է տխուր հետևանքներ ունենալ: Տնտեսական միությունների մեծ մասը փլուզվել է ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը դրսից փորձել է փլուզել, այլ այն, որ տնտեսական միության անդամները փորձել են միավորվել ավելի արագ, քան միավորման նախադրյալներն են թույլ տվել: Տնտեսական ինտեգրումը երկարատև գործընթաց է, որ քայլ առ քայլ պետք է անցնել և պահանջում է բոլոր մասնակիցներից մեծ համբերություն և ընկալում: Իվան Անիսիմովը տխուր փաստ որակեց, որ եվրասիական ինտեգրման դասընթացը չի դասավանդվում ռուսական բուհերում, և գոհունակություն հայտնեց, որ Հայաստանն այս ասպարեզում առաջինն է:
ԵՊՀ քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ զեկույցը նվիրված էր Եվրասիական միության գործառնության գաղափարախոսական տեսանկյուններին: Նա կարծում է, որ եվրասիական ինտեգրման մեջ ներգրավված երկրներում դեռ վերջնականապես չի ձևավորվել ԵԱՏՄ-ի միասնական տեսլականը: Երկրներից յուրաքանչյուրը շեշտադրում է ինտեգրման այն կողմը, որ իր համար ապահովում է միակողմանի առավելություններ բազմաշերտ ինտեգրման մեջ: Որոշ երկրներ գերադասում են տնտեսական հարցերը, որոշ երկրներ առաջ են մղում քաղաքականը, երրորդները հիմնավորում են իրենց ներկայությունը միության կազմում ազգային անվտանգության հարցերով: Եվ այսօր անհրաժեշտ է գտնել գաղափարաքաղաքական այն հիմքը, որը կորոշարկի միության ապագա գրավչությունը և քաղաքականությունը: Աշոտ Ենգոյանի կարծիքով՝ գաղափարական համակարգի թուլությունն է միության կենսունակության վերաբերյալ ոմանց կասկածների պատճառը: Մասնավորապես՝ Հայաստանում մշտական հիշեցումը, որ եվրասիական ինտեգրումն ընտրվել է ազգային անվտանգության ապահովման նկատառումներով, նեղացնում է փոխգործակցության հնարավորությունները և որոշ բացասական տարրեր է ներմուծում գործընթացի ընկալման մեջ: Առաջինը՝ թուլացնում է պետության մտադրությունների լրջությունը ինտեգրման խորացման առումով: Երկրորդ՝ այդ բացատրությունը թուլության ցուցադրություն է և վկայում է քայլի հարկադրական լինելը, որը ակամա նույնացվում է Ռուսաստանի ուժային ճնշման հետ: Երրորդ՝ դա կարճաժամկետ էֆեկտ է տալիս և հայեցակարգային բովանդակություն չունի: Հասարակության մեջ կա ընկալում, որ եվրասիական ինտեգրման վեկտորի ընտրությունը հրաժարում է ժողովրդավարացման ճանապարհից: Բնականաբար՝ պետության այդ քայլը որևէ չափով չի նշանակում ժողովրդավարական ինստիտուտներից հրաժարում: Առավել ևս, որ ԵԱՏՄ գործընկերները և առաջին հերթին Ռուսաստանը ձգտում են այդ նպատակին:
Նրա կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի դասական ազատական արժեքների հաստատմանը, սակայն Ռուսաստանի հետ և Ռուսաստանի միջոցով: Միամիտ է կարծել, որ արևմտյան երկրները մտահոգ են հայ հասարակության ժողովրդավարական զարգացմամբ՝ դա հայ ժողովրդի ու հայկական պետականության գործն է, իսկ եվրասիական ինտեգրումը ոչ միայն չի խանգարում, այլև նպաստում է: Գուցե հենց այդ պատճառով Հայաստանը կարողանում է պահպանել ժողովրդավարական արժեքներին հակվածությունը և հավատարմությունը իր գլխավոր ռազմավարական գործընկերոջը:
Գաղափարական միասնության հաստատման մեջ կարևոր դեր ունի եվրասիականության գաղափարի նոր մեկնաբանության քարոզչությունը, որը առաջադրվել է 90-ականների կեսին և կոչված է լրացնել եվրասիական հանրությունների հասարակական գիտակցության ռացիոնալ մակարդակը: Ժամանակակից եվրասիականության գաղափարը պրագմատիկ է, ժողովրդավարական և լիովին արտացոլում է հասարակական հարաբերությունների ժամանակակից ընկալումները, կիրառում է կենսունակ ազատական-ժողովրդավարական գաղափարները և հարմարեցնում է հետխորհրդային տարանցիկ հասարակությունների իրողություններին, զուգահեռ «սահմանափակելով» նրանց մշակութային-ազգային առանձնահատկությունների պահպանողական բովանդակությունը:
Զեկույցները, ինչպես միշտ, ամփոփվեցին հարց ու պատասխանով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի վարչության նախագահ Անդրեյ Սերգեևի և ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հետ հարցազրույցները, որ հաջորդեցին գիտաժողովին և կտպագրվեն եկող շաբաթ, առաջին հայացքից բոլորովին խնդրո առարկային չէին վերաբերում, աշխարհաքաղաքական թեմաներ էին արծարծում, իրականում, սակայն, մենք բոլորս միշտ վերադառնում ենք մեր ելակետին ու ինչ հարց էլ քննարկենք, պատասխանում ենք երեք հավերժական հարցերին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ